Հայաստանը դեսպանություն կբացի Շվեդիայում

Armenpress 20:47, 29 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Շվեդիայի Թագավորությունում` Ստոքհոլմում, դեսպանություն կստեղծի, ինչի նպատակով ՀՀ կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի շուրջ 168 մլն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ հարցն ընդգկրված է ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն` Շվեդիայում Հայաստանի դեսպանության բացումը խթան կհանդիսանա զարգացնելու հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները մասնավորապես նաեւ առևտրատնտեսական ոլորտում և օգտվելու Շվեդիայի տնտեսական հզոր ներուժից:

Ստոքհոլմում ՀՀ դեսպանության բացումը կարող է ազդակ հանդիսանա Երևանում Շվեդիայի դեսպանություն բացելու համար:

Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր (1992թ.) քսան տարիների ընթացքում քաղաքական երկխոսության և բարձրաստիճան շփումների ակտիվացում է նկատվել հատկապես վերջին 7-8 տարիների ընթացքում, որոնք նշանավորվել են ՀՀ Նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի այցերով:

Շվեդիան հանդիսանում է միակ սկանդինավյան երկիրը, որի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը (2010թ.): 2006 թվականից ի վեր Շվեդիայի արտաքին քաղաքականությունում կարևոր դեր է հատկացված Հարավային Կովկասին:

Շվեդիան ԼՂ հակամարտության հարցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին իր աջակցության մասին: Այդ երկիրը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնող երկրներից է, ինչն արտացոլում է այդ երկրի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի հանդեպ և երևան հանում ԱլԳ-ի կենսագործմանն ու ծրագրի մասնակից երկրների հետ համագործակցությունը զարգացնելու Շվեդիայի արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունը:

Շվեդիայում ներկայում առկա է բավականին լավ կազմակերպված հայկական համայնք, որն ամենախոշորն է Սկանդինավյան տարածաշրջանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am