Եգիպտոսում պեղումների ժամանակ հնագույն արեւային ժամացույց է հայտնաբերվել

Armenpress 21:14, 14 Մարտ, 2013

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազելի համալսարանի ուսանողները Եգիպտոսում հայտնաբերել են ամենահին արեւային ժամացույցներից մեկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, 3,3 հազար տարվա պատմություն ունեցող ժամացույցը հայտնաբերվել է Արքաների հովտում կատարվող պեղումների ժամանակ:

Գտածոն սկավառակի տեսք ունի, որի վրա 12 հավասար մասերի բաժանված սեւ շրջանագիծ է նկարված: Սկավառակի կենտրոնում գտնվող 16 սմ երկարությամբ փոսիկը օգտագործվել է մետաղական կամ փայտե ձողը ֆիքսելու համար, որի ստվերի շնորհիվ էլ հնարավոր է եղել իմանալ ժամը:

Արեւային ժամացույցը հայտնաբերվել է քարե տնակների մոտ, որտեղ բնակվել են մ.թ.ա. 8-րդ դարում արքայական դամբարանների կառուցման վրա աշխատող ստրուկները: Շվեյցարական համալսարանի փորձագետները կարծում են, որ ժամացույցն օգտագործվել է աշխատաժամանակը չափելու համար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am