Լիբանանի 200 հայեր հայկական անձնագրեր են ստացել

Armenpress 17:05, 15 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման սկզբին հնչել է ՀՀ օրհներգը: Այնուհետև ներկաներին շնորհավորական խոսքով դիմել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ մեծ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների կտրուկ աճով: Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է ՀՀ Նախագահի հրամանագրով  և  Հայաստանի քաղաքացի դառնալը յուրաքանչյուրի համար մեծ պատիվ ու հպարտություն է, իրավունքների  ընձեռում և պատասխանատվություն: Դեսպանը բարձր է գնահատել Լիբանանի կենսունակ ու ստեղծագործ հայ համայնքի դերը Սփյուռքի քաղաքական, հոգևոր և մշակութային կյանքում: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ անձնագրի ստացումը նոր հնարավորությունն է ընձեռում մեր հայրենակիցների  համար հաճախակի այցելելու Հայաստան, մասնակցելու համահայկական նշանակություն ունեցող միջոցառումներին, նաև՝ գիտելիքներով, փորձով և ներդրումներով Հայրենիքի զարգացմանը:

Հանդիսավոր երդման արարողությունից հետո դեսպան Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրերը: Լիբանանում ՀՀ դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում ՀՀ անձնագրեր է հանձնել նաև շուրջ 60 սիրիահայերին, ովքեր քաղաքական զարգացումների բերումով ժամանակավոր բնակություն են հաստատել  Լիբանանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am