ԵՄ-ն ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-ն կուսումնասիրեն Երեւանի մետրոյի ընդլայնման հնարավորությունը

Armenpress 15:18, 30 Հունվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար և բարձր գնահատելով Երևանի մետրոպոլիտենում այժմ ընթացող համատեղ ծրագրի արդյունավետությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է Երևանի Մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակում քննարկել նաև մետրոյի ընդլայնման հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար` Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն իրենց հերթին, գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքներից, վստահեցրել են, որ պատրաստակամ են համագործակցության ընդլայնմանը:

Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը ևս իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցություն ունենալ հեռանկարային այս ծրագրի քննարկմանը:

Կողմերը պայմանավորվել են իրականացնել մետրոյի ընդլայնման իրագործելիության ուսումնասիրություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am