ԳՈՀԱՐ-ը 50 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայությանը

Armenpress 12:41, 9 Հունվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հարավամերիկյան համերգներից գոյացած հասույթից մոտավորապես 150 հազար ԱՄՆ դոլար է հատկացվել տեղի գործող հայկական բազմաթիվ վարժարանների, մշակութային և հասարակական ծրագրերի, ուսուցիչների և անհատների, որոնք «Այբ Բեն Գիմ», հայկական մշակույթ և երգ-երաժշտություն են տարածել տարիներ շարունակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի լրատվական ծառայությունից, ԳՈՀԱՐ-ն, անսալով իր տարիների սկզբունքին և հավատալով, որ հայությունը պիտի շարունակի գոյատևել իր մշակույթով, մեկ անգամ ևս իր համերգներից գոյացած ընդհանուր գումարը նվիրել է հայ ինքնության պահպանման և գոյատևման ճիգերին: ԳՈՀԱՐ-ն, անդրադառնալով նաև Սիրիայում տիրող ճգնաժամին, տոնական օրերին հարավամերիկյան համերգային շրջագայությունից զգալի գումար` 50 հազար ԱՄՆ դոլար, նվիրում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին, որպեսզի «շարունակեն իրենց տարիների հայապահպանման երթը այս տագնապալի օրերին»: ԳՈՀԱՐ-ը կշարունակի իր նվիրաբերումը հայկական ազգային արժեքների պահպանմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am