Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան դեկտեմբերի 10-ին

Armenpress 18:14, 3 Դեկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նիստին քննարկվել են ԱՄՆ-ից երգչուհու աճյունը Հայաստան տեղափոխելու եւ հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր: ԱՄՆ-ից Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 6-ին օրը Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան: Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը նույն օրը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Լրացուցիչ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ` ԱՄՆ-ից ճշգրտված տեղեկությունների հիման վրա:  Մեծանուն երգչուհու դին Հայաստան տեղափոխման, հուղարկավորության բոլոր ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը: Առաջիկայում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կհստակեցվեն անհրաժեշտ բոլոր մանրամասները` երբ կտեղափոխվի, որտեղ եւ երբ կամփոփվի աճյունը:                                                                      

  ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը: Երգչուհին ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am