Թուրքիան մտադիր է Հայկական հարցի մասին ֆիլմեր նկարահանել

Armenpress 11:50, 13 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հայտարարել է, որ թուրքական կառավարությունը մտադիր է Հայկական հարցի վերաբերյալ «պատմական իրողությունները լուսաբանող գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր նկարահանել»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Թուրք փոխվարչապետի հայտարարությունն արժանացել է թերթի ընթերցողների բուռն արձագանքին: Մեկնաբանություններում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին զուգահեռ բազմաթիվ մարդիկ կոչ են անում ֆիլմում ներկայացնել իրականությունը:

«Ցեղասպան Օսմանյան կայսրության մայրաքաղաքը Ստամբուլն է: Խնդրում եմ ֆիլմում պատմեք, որ 600-ամյա կայսրության վերջին օրերը լի էին սարսափով եւ մարդկային ողբերգությամբ», -գրել է ընթերցողներից մեկը:

Որոշ ընթերցողներ նշել են, որ «թուրքական կառավարությունը կնկարահանի ֆիլմը եւ, բացի իրենից, այն ոչ ոք էլ չի դիտի»: «Թող նկարեն. վերջապես գոնե կհասկանանք, թե որն է կառավարության տեսակետի էությունը: Եթե դա լինի Ցեղասպանությունը ժխտող Թուրքական պատմագիտական ընկերության տեսակետն անդրադարձնող ֆիլմ, ապա ագռավները կծիծաղեն մեզ վրա, իսկ դրա հասցրած վնասն ավելի մեծ կլինի», -գրել է մեկ այլ ընթերցող:

Մեկ ուրիշն էլ գրել է. «Եթե դուք գլուխ գովեք, ապա ձեր ֆիլմը կցուցադրի միայն TRT հանրային հեռուստաալիքը: Աշխարհի պետությունների հետ Պաղեստինից եւ Սիրիայից խոսելու փոխարեն, պատմեք, թե ինչեր են կատարվել մեր երկրում»:

Ինչպես երեւում է` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի կառավարությունը որոշել է ուժեղացնել Ցեղասպանության իրողության դեմ քարոզչությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am