Ադրբեջանի եւ Հունգարիայի կնքած գործարքը լուրջ հարված հասցրեց Վիկտոր Օրբանի հեղինակությանը. հունգարացի վերլուծաբան

Armenpress 13:51, 13 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ Հունգարիայի և Ադրբեջանի կատարած գործարքը չի դադարում նորանոր խոսակցությունների թեմա դառնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հունգարացի լրագրող Քեսթեր Էդդին այս գործարքին անդրադարձել է Emerging Markets կայքում տեղադրված իր հոդվածում:

Հունգարացի վերլուծաբանը նշում է, որ նախքան օգոստոսի 31-ը գործարքի մասին հայտնի դառնալը, ոչ ոք չէր մտածում, որ Բուդապեշտի դատական գործընթացը կարող է պատերազմի խոսակցությունների առիթ դառնալ 2500 կմ արևելքում գտնվող Կովկասի երկրների միջև: Նա հիշեցնում է, որ հունգարական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Բաքու հանձնելու վերաբերյալ որոշումը խստորեն դատապարտվել է Հայաստանում և հնարավոր պատերազմի առաջացման վերաբերյալ խոսակցությունների առիթ հանդիսացել:

«Հունգարիայում կնքված գործարքը լուրջ հարված հասցրեց Վիկտոր Օրբանին` հունգարացի ագրեսիվ վարչապետին, ով անտեսել էր հանցագորձին արտահանձնելու հետ կապված երկրի արտգործնախարարի և արդարադատության նախարարի խորհուրդը»,- գրում է Էդդին` ընդգծելով, որ որոշման քննադատությամբ հանդես են եկել նաև ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը, քանի որ բոլորն էլ ցանկանում են խուսափել Կովկասում պայթյունավտանգ իրադրության առաջացումից: 

Վերլուծաբանը եզրափակում է իր հոդվածի` Սաֆարովին վերաբերող հատվածն այն խոսքերով, որ նմանօրինակ քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում ոչ միայն Վիկտոր Օրբանի, այլև առհասարակ, երկրի հեղինակությանը` առաջացնելով լուրջ ճեղքեր ժողովրդավարության ոլորտում և վնասելով տնտեսությունն ու խաթարելով օտարերկրյա ներդրողների վստահությունը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am