Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանի` ռուս գործընկերոջը հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 60-ամյակի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման, համաշխարհային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել բարձրացման:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ՝ Հայաստանի հավատարիմ բարեկամին, ամենախորին երախտագիտություն հայտնել դաշնակցային փոխգործակցության հունով այսօր վստահորեն զարգացող հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Կարևոր է, որ այդ փոխգործակցությունը կրում է ռազմավարական բնույթ, իսկ մեր երկրների գործընկերությունը մշտապես հարստանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերով»:
Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ փոխադարձ աջակցության և փոխօգնության բարի ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից, նպաստում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանմանը:
«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ հարաբերություններն այսուհետ ևս վերընթաց կզարգանան՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների:Սրտանց ցանկանում եմ Ձե՛զ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
- Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումը
- Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR
հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
- ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է ՀՀ վարչապետի տիկնոջը և «Կին քաղաքական
առաջնորդներ» համաշխարհային ցանցի նախագահին
- Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք դրան. Ռուբեն
Վարդանյան
- Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում