Պահուստային ֆոնդից Սյունիքին տրամադրված գումարներով իրականացվել է հինգ տասնյակ ծրագիր

Armenpress 21:56, 4 Հոկտեմբեր, 2012

ԿԱՊԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2011-2012թթ.-ին Սյունիքի մարզպետարանին մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար երեք անգամ տրամադրվել է 720-ական մլն դրամ գումար:

Ստացված 2 մլրդ 160 մլն դրամի 35 տոկոսից ավելին հատկացվել է Կապանի, 28 տոկոսը` Գորիսի, 23 տոկոսը`  Սիսիանի եւ 13 տոկոսը` Մեղրիի տարածաշրջաններին:  Ընդհանուր առմամբ մարզի 13 համայնքում իրականացվել է 50 ծրագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը հոկտեմբերի 4-ին հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ իրականացված ծրագրերում մեծ տեղ են զբաղեցնում մարզի համայնքների ճանապարհների ասֆալտապատման, նորոգման ու բարեկարգման աշխատանքները, որի համար ծախսվել է ավելի քան 1 մլրդ 175 մլն դրամ:

Հատկացված գումարի մոտ 20 տոկոսը նպատակաուղղվել է երեխաների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը` դպրոցների կառուցմանն ու նորոգմանը: Մասնավորապես, մարզի համայնքներում ասֆալտապատվել է 8300 մ երկարության ճանապարհ, Դարբաս համայնքի Շամբ բնակավայրում սկսվել են դպրոցի կառուցման աշխատանքները, նորոգվել է մարզի 7 դպրոց, 2-ական մանկապարտեզ եւ քոլեջ, Կապան քաղաքում հիմնանորոգվել են 18 բազմաբնակարան շենքերի հարթ եւ լանջավոր տանիքներ:

Մարզպետի անմիջական պահանջով տամադրված գումարի մի մասը համաներդրման սկզբունքով օգտագործվում է մարզում իրականացվող մի շարք այլ ծրագրերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am