Թուրքիայում հայկական եկեղեցիների վերակառուցմանն օժանդակում է ԱՄՆ-ը

Armenpress 11:18, 2 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կողմից իրագործվող հայկական եկեղեցիների վերակառուցման աշխատանքներին ֆինանսական օգնություն է ցուցաբերում Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը: Հայկական հուշարձանների վերակառուցման աշխատանքներն իրականցվում են «հատուկ նախագծերի» շրջանակում: 2011 թ-ի գործունեության զեկույցի համաձայն` Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը ֆինանսավորում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի Աքիթ» թերթը:

Նշվում է, որ «հատուկ նախագծերի» շրջանակում 2012 թ-ի հունվարին ստորագրվել է Կարսի Տիգրան Հոնենց եկեղեցու կոնսերվացման աշխատանքների իրագործման մասին փաստաթուղթը: Ֆինանսական անհրաժեշտ միջոցներ են հատկացվել Անիի Մայր Տաճարի վերանորոգման համար: Պեղումների եւ մաքրման աշխատանքներ կիրագործվեն նաեւ Աբուլհամրենթ եկեղեցում: Նշված աշխատանքներին ֆինանսական մասնակցություն է ցուցաբերում Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (World Monuments Fund):

Թուրքիայի մշակույթի նախարարության զեկույցում անդրադարձ է արվում նաեւ Նեմրութ լեռան վրա գտնվող հայկական հեթանոսական հուշարաձանախմբի պահպանությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am