Ադրբեջանի պաշտպանության նախարարը մարդասպանին մայորի կոչում է շնորհել

Armenpress 13:03, 1 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար  Սաֆար Աբիեւը  սեպտեմբերի 1-ին ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում է շնորհել: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը,  վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, նախարարն ընդունել է Սաֆարովին,  շնորհավորել նրան հայրենիք վերադառնալու եւ նախագահ Իլահամ Ալիեւի կողմից ներման արժանանալու կապակցությամբ:    Սաֆարովին, բացի մայորի կոչում շնորհելուց, տրվել է նաեւ անձնագիր:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am