Էջմիածնում Եթովպիայի եկեղեցու պատրիարքի հիշատակին կատարվեց հոգեհանգստյան կարգ

Armenpress 16:47, 27 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օգոստոսի 27-ին կատարվեց հոգեհանգստյան արարողություն Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու երջանկահիշատակ Աբունա Պաուլոս Պատրիարքի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մինչ արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն անդրադարձ կատարեց Աբունա Պաուլոս պատրիարքի հովվապետության տարիներին, կարևոր դերակատարությանը Եթովպիայի Եկեղեցու զորացման գործում, ինչպես նաև Հայոց Եկեղեցու և Եթովպիայի Եկեղեցու եղբայրական հարաբերություններին: Իր խոսքում Սրբազան Հայրը հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի վերստին ցավակցություն հայտնեց Եթովպիայի Եկեղեցուն և ժողովրդին:

Այնուհետև Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանները աղոթք բարձրացրեցին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու լուսահոգի գահակալի համար:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե), Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Օգոստոսի 23-ին երջանկահիշատակ պատրիարքի հուղարկավորությանը մասնակցեց նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունն ի դեմս Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am