Լավագույն գիտական եւ ստեղծագործական աշխատանքների մրցույթը կամփոփվի հուլիսին

Armenpress 18:35, 27 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 27  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից 2007 թվականից անցկացվող գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն օրերս: 

Մրցանակաբաշխությանը կմասնակցեն ՀՀ, ԼՂՀ եւ սփյուռքահայ մտավորականության ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` Ռուսաստանի հայերի միությունը ստեղծման իսկ օրից օժանդակել է Հայաստանի գիտական եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

«Մրցանակաբաշխությունը հնարավորություն կտա մասնակիցներին որոշակի նյութական աջակցություն ստանալ իրենց կատարած աշխատանքների համար»,-ասաց նա:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով` քանի որ մանկական գրականությունը հետընթաց է ապրում, ուստի այս տարի մրցանակաբաշխությանը շեշտադրվելու է հատկապես «Մանկապատենական գրականություն» անվանակարգը, ընտրվելու են նաեւ արձակ, պոեզիա, դրամատուրգիա ժանրերում ներկայացված լավագույն ստեղծագործությունները:

«Մրցանակաբաշխության 5 տարիների ընթացքում 15 գրական գործ է հաղթել, որոնցից 20 տոկոսը թարգմանվել է, եւ սա ապացուցում է հանձնաժողովի անդամների անաչառ ընտրությունը»,-ասաց նա:

Գրականության  հանձնաժողովի նախագահ Աելիտա Դոլուխանյանը նշեց, որ  հանձնաժողովը բացառում է ծանոթություն, միջնորդություն:

 «Մրցանակաբաշխությանը ներկայացված բոլոր գործերը կարդացվում են եւ քննարկվում հանձնաժողովի բացառապես բոլոր անդամների կողմից»,-ասաց նա:

«Մրցանակաբաշխություն 2013»-ի նպատակն է խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:

Անցած տարիների ընթացքում լավագույն գիտական աշխատանքների մրցույթին մասնակցել են մտավորականության շուրջ 1250 ներկայացուցիչներ, որոնցից ավելի քան 150-ը դարձել են մրցանակակիրներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am