Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքն ընդգրկվել է New York Times-ի «բեսթսելլերների» ցանկում

Armenpress 21:02, 26 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող` ծագումով հայ ամերիկացի գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը New York Times-ի բեսթսելլերների ցանկում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Weekly-ն, այն ներկայում ցանկի յոթերորդ տեղում է:

Առաջին անգամ չէ, որ ամերիկահայ գրողի ստեղծագործությունները հայտնվում են New York Times-ի այս պատվաբեր ցանկում: Նրա «Կմախքները խնջույքին», «Իդենի գաղտնիքները» և այլ ստեղծագործություններ ևս զբաղեցրել են ցանկի առաջին հորիզոնականները: Բոհջալյանը ներկայում սկսել է երեքշաբաթյա ճամփորդություն ԱՄՆ 20 քաղաքներում, որի ընթացքում ներկայացնելու է իր գրքի բովանդակությունը:

Օրեր առաջ «Ավազե ամրոցի աղջիկները» ընդգրկվել էր նաև հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Օփրա ՈՒինֆրիի «կարդալու համար պարտադիր» գրքերի ցանկում:

 50-ամյա Քրիս Բոհջալյանը Միացյալ Նահանգներում հայտնի գրող է:  Նրա ստեղծագործություններն արդեն 20 տարուց ի վեր  հեղինակավոր պարբերականների` New York Times, USA Today, Washington Post, The Boston Globe-ի կողմից «բեսթսելլեր» են ճանաչվում: Հայազգի գրողի ամենահայտնի վեպերից մեկը` 1998 թ-ին տպագրված «Մանկաբարձուհիներ»-ը, ընդգրկվել է Ուինֆրիի կազմած լավագույն գրքերի ցանկում: Այս գրքի տպագրությունից մի քանի տարի անց համանուն ֆիլմ է նկարահանվել:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am