Հոլանդն առաջարկում է ցեղասպանության մասին նոր օրինագիծ մշակել Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո

Armenpress 12:19, 29 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունների ժխտումը քրեկանացնող օրինագիծը կոչված էր հաշտեցնելու Ֆրանսիայի հայ և թուրք համայնքներին, սակայն այն սխալ պահի էր ներկայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Le Monde-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդը:

«Ես ափսոսում եմ, որ Սահմանադրական խորհուրդը նման որոշում է ընդունել: Ցավալի է նաև, որ թուրքական համայնքն այս օրինագիծն ընկալեց նման թշնամությամբ»,- ասել է Հոլանդը:

Նախագահի թեկնածուն նաև նշում է, որ ավելի ճիշտ կլինի նոր օրինագծի շուրջ քննարկումները սկսել մայիսի 6-ից հետո, այսինքն` երբ Ֆրանսիայում ավարտվեն նախագահական ընտրությունները: «Քննարկումները մենք կվերսկսենք ավելի հանդարտ և անվտանգ մթնոլորտում»,- հավելել է Հոլանդը:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը ճանաչեց հակասահմանադրական: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահը Նիկոլա Սարկոզին հանձնարարել է կառավարությանը նոր օրինագիծ մշակել` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:  

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am