Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից

Armenpress 11:19, 9 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մայիսի 9-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ գերատեսչությունը հայտարարությամբ հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը:

«ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:

Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,–ասված է հայտարարությունում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am