Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը

Armenpress 19:21, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի բաշխվածությանը, իրականացվող քաղաքականությանը, Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերին, ջրային ռեսուրսների պաշտպանությանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարումների հետ կապված խնդիրներին:

Ըստ աղբյուրի՝ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են առկա խնդիրների հետ կապված տարբեր դիտարկումներ: Կարևորվել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, կորուստների կրճատման, համակարգի ֆինանսական սխեմայի ձևավորման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ համապարփակ քայլերի նախանշումն ու իրականացումը:

Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կքննարկի և կմշակի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման քայլերն ու կներկայացնի տարեկան գործողությունների ծրագիր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am