Երևանում կստեղծվի Համաշխարհային առևտրի կենտրոն. ստորագրվել է եռակողմ պայմանագիր

Armenpress 17:56, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ կառավարության անունից, և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը, ապրիլի 30-ին ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը։

«Այսօր ստորագրվել է նաև մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» որոշումը գործադիրը հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am