ՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. նախարար Սանոսյանը՝ ՀՀ նախագահ Խաչատուրյանին 

Armenpress 20:03, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին:Ըստ աղբյուրի՝ Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում և ենթակառուցվածքներում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը և համապատասխան քայլեր է ձեռնարկում:Նշվում է, որ հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին մանրամասն տեղեկատվության համար և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարության գործունեությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am