Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ

Armenpress 11:25, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 28-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Վերջինս փոխանցմամբ՝ պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ԱՄՆ-ի շարունակական ջանքերը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականը։

Նախօրեին տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am