ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին. Տոյվո Կլաարը՝ Նիկոլ Փաշինյանին

Armenpress 17:40, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Տոյվո Կլաարը ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ համապարփակ ու տևական կարգավորման նպատակով, ինչպես նաև 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը մեկնարկի պայմանավորվածությանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am