Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը

Armenpress 12:58, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը կարգադրել է առնվազն մինչև ապրիլի 18-ի երեկոյան փակել Մանադո քաղաքի «Սամ Ռատուլանգի» միջազգային օդանավակայանը Սուլավեսի կղզու հյուսիսում գտնվող Ռուանգ հրաբխի ժայթքման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Օդանավակայանը գտնվում է հրաբխից մոտավորապես հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

Ապրիլի 17-ին հրաբուխը լավա, քարերի կտորներ և մոխիր է արտանետել մինչև երեք կիլոմետր դեպի երկինք: Լեռան շրջակայքից տարհանվել է ավելի քան  800 մարդ։ Իշխանություններն ընդլայնել են տարհանման գոտին այն բանից հետո, երբ հրաբխագիտության գործակալությունը բարձրացրել է վտանգի աստիճանը։ Ապրիլի 18-ին իշխանությունները կարգադրել են տարհանել ևս գրեթե 12 000 մարդու, այդ թվում՝ Սուլավեսիի հարևանությամբ գտնվող կղզիներից, ինչպես նաև շրջափակել հրաբխի շուրջ վեց կիլոմետր շառավղով տարածքը:

Մասնագետները հետագա ժայթքումները շատ հավանական են համարում: Իշխանությունները նախազգուշացրել են հնարավոր ցունամիի մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am