Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին

Armenpress 16:42, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի զինծառայողները հետ են մղել ահաբեկիչներին, որոնք գրոհել են Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող խաղաղ շրջանների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

«Մեր զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք պաշտպանում են Հալեպի արևմտյան ծայրամասերը, պատասխանել են «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման ավազակախմբների հարձակմանը, - հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ - Հասցված հարվածների ընթացքում հակառակորդի շարքերում կան շատ սպանվածներ և վիրավորներ»։

Նշվում է, որ Հալեպի մերձակայքում զինված հարձակմանը մասնակցել են «Թուրքեստանի ալ Ղուրաբա» բրիգադի վարձկանները։

Սիրիայի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ ավազակային խմբավորումները Հալեպի վրա հարձակում են գործել իսրայելական օդուժի գրոհի հետ միաժամանակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վաղ առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում կա 36 զոհ։ Զոհվել է նաև 6 շիա մարտիկ։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am