ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցության ընդլայնումը

Armenpress 18:57, 18 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալ Էրին ՄըքՔիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում, որը կայացել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) կենտրոնական գրասենյակում, քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության միջոցառումները՝ ընդգծելով նրանց կարիքների գնահատման հիմքով՝ ՀՀ կառավարության կողմից մշակվող ծրագրերի կարևորությունը․ այս համատեքստում կարևորվել է նաև ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը։         

Ըստ աղբյուրի՝ Էրին ՄըքՔին ևս, ընդգծելով տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը, շեշտել է, որ գործակալությունը պատրաստակամ է շարունակական աջակցություն տրամադրել հայկական կողմին՝ հումանիտար կարիքների բավարարմանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև տնտեսության զարգացմանն ուղղված աշխատանքներում։    

Նշվում է, որ հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին, ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպվող նախաձեռնություններին։    

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am