Հայ փախստականների և բռնի տեղահանվածների ՀԿ-ների ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱՍՀ նախարարին

Armenpress 19:45, 9 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն օգոստոսի 9-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանական ԽՍՀ-ի և Նախիջևանի հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 

Նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ «հանդիպման նպատակն էր լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից հավաքագրված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ու դրան հարակից ոլորտային խնդիրները, ներկայացնել իրենց առաջարկները և դիտարկումները։ Այս համատեքստում հիմնականում քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին, իրականացված վերջին փոփոխություններին, աշխատանքի ապահովմանն առնչվող մի շարք հարցեր»։ 

Նշվում է, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով՝ գործող ծրագրերի լավարկման, նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վերաբերյալ։ Վերջիններիս կողմից հնչեցված առաջարկները հավաքագրվել են՝ նախարարության լիազորությունների շրջանակում առկա խնդիրները քննարկելու, իսկ այլ ոլորտներին առնչվող հարցերը՝ գործընկեր գերատեսչություններին փոխանցելու նպատակով։  

Ըստ աղբյուրի՝ կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների պարբերաբար անցկացումը.  պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել առանձին քննարկումներ՝ ԱՍՀ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am