Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները. հույն պատգամավոր

Armenpress 13:03, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Արտաքին գործերի նախկին նախարար, ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր Գեորգի Կատրուգալոսը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատրուգալոսն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները,  և կողմերը պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն` Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու համար»,-նշել է Կատրուսգալոսը:

Նա շեշտել է նաև, որ երրորդ ուժերը, ինչպիսին է Թուրքիան, պարտավոր են նպաստել երկխոսությանը վերադառնալուն ու չսրել լարվածությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի  27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի  31 զոհ և կա շուրջ 200-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից  նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

 

Պատրաստեց Աննա Գրիգորյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am