Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Վահագն Չախալյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել խուլիգանության համար

Վահագն Չախալյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել խուլիգանության համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ին (Վահագն Չախալյան – խմբ.)․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ու ևս 4 անձ։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024թ․ մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, գիտակցելով, որ իր հակաիրավական և հակաբարոյական գործողությունները լուսաբանվում են առցանց հեռահաղորդակցությամբ և տեսանելի են այլ անձանց կողմից, տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներն օգտագործելով, մարդկանց անդորրը խաթարելով, կատարել է խուլիգանություն։

Մասնավորապես, Երևան քաղաքի Մելիք Ադամյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարության թիվ 1 մասնաշենքի տնտեսական մուտքի դիմաց, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների, բազմաթիվ քաղաքացիների և առցանց հաղորդակցություն իրականացնող լրագրողների ներկայությամբ նա վիճաբանել էր մի քաղաքացու հետ, որի ընթացքում բարձրաձայն, անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնող անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել վերջինիս հասցեին, ինչի կապակցությամբ ձերբակալվել էր տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված արարքները կատարելու համար, Վ․Չ․-ին ներկայացվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Միջադեպի ընթացքում ձերբակալված մյուս 4 անձինք ազատ են արձակվել արգելանքից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է։ 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am