Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Խնկո Ապոր անվան ազգային գրադարանը եզրափակեց «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը

Խնկո Ապոր անվան ազգային գրադարանը եզրափակեց «Եվրոպական 
ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի հայտարարած «Եվրոպական ժառանգության պատմություններ» դրամաշնորհային ծրագրին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ներկայացրել է «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագիծը, որն արժանացել է մրցանակի: «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի շրջանակում գրադարանը մարզերի երեխաների համար կազմակերպել է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար», որի շրջանակում Լոռիում և Տավուշում ստեղծվել են նոր գրքերի ընթերցանության անկյուններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 15-ին գրադարանն ամփոփեց «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար»-ը:

Ծրագրի շրջանակում Սպիտակի քաղաքային գրադարանում և Աչաջուրի մշակույթի տանն իրականացվել է նաև «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը: Կազմակերպվել են տարբեր երկրների մշակութային ժառանգության և դրանց պահպանության կարևորության վերաբերյալ վարպետության դասեր, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ և քննարկումներ: Ապրիլ-մայիս ամիսներին Սպիտակի և Աչաջուրի գրադարանների ընթերցող-երեխաները մասնակցել են նկարազարդման վարպետության դասընթացի և կատարել թեմատիկ նկարազարդումներ, որոնք մայիսի 15-ին ցուցադրվեցին Խնկո Ապոր անվան գրադարանում:

Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը շուրջ քսան տարի նշվում է Հայաստանում, 17 տարի՝ իրենց գրադարանում: «Գրադարանային ոլորտի աշխատակիցները գիտեն, որ շատ կարևոր է գրադարանը գրականությամբ համալրելու գործընթացը: Ծրագրի շրջանակում Սպիտակի և Աչաջուրի գրադարաններին 200-ական գիրք է նվիրաբերվել, որոնցով կարող ենք ուսուցանել, սովորեցնել երեխաներին»,-ասաց նա:

Աչաջուրի գրադարանի տնօրեն Շաքե Ղուկասյանն էլ հավաստիացրեց՝ երեխաները միջոցառումներին ոգևորությամբ են մասնակցել: «Երկու հարյուր գունազարդ գիրք մեզ տրամադրելով՝ մեր փոքրիկ ընթերցողների համար նոր աշխարհ է բացվել: Նրանք ոգևորված «փախցնում» էին գրքերը մեր ձեռքից՝ կարդալու համար: Մենք պարտավոր ենք գիրքը դարձնել երեխաների մշտական ուղեկից, գրքով կայուն պահել նրանց հայրենասիրական ոգին, գրքով հայրենասիրություն, կամք ու հավատ սերմանել»,-նշեց նա:

Եվրոպայի խորհրդի հայտարարած «Եվրոպական ժառանգության պատմություններ» դրամաշնորհային ծրագրին ներկայացված 120 հայտերից մրցութային փուլը հաղթահարել և լավագույնների ցանկում են ընդգրկվել Հայաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լիտվայի, Անգլիայի ներկայացրած նախագծերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am