Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

iPod-ից դեպի Տիեզերք. ինչպես գյուտարար Թոնի Ֆադելը սկսեց զբաղվել Երկրի մթնոլորտում մեթանի արտանետումները հայտնաբերելու գործով

iPod-ից դեպի Տիեզերք. ինչպես գյուտարար Թոնի Ֆադելը սկսեց զբաղվել Երկրի 
մթնոլորտում մեթանի արտանետումները հայտնաբերելու գործով

ԲՐԱՏԻՍԼԱՎԱ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին երկու տասնամյակում գլոբալ տաքացման թեմայով ավելի ինտենսիվ դարձած քննարկումներում առանցքային է ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու կենսական անհրաժեշտությունը։ Արդյունաբերական հեղաշրջման սկզբից մինչ օրս մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունն ավելացել է 50 տոկոսով։ Սա խիստ վտանգավոր է մեր մոլորակի կենսաբազմազանության համար, քանի որ ածխաթթու գազի մեծ քանակությամբ արտանետումները Երկրի մթնոլորտում ջերմոցային էֆեկտի ազդեցություն են թողնում, ինչն էլ ուղղակիորեն հանգեցնում է գլոբալ տաքացման։ Հենց այս խնդրով պայմանավորված՝ միջազգային խոշորագույն կառույցներն ու գերտերությունները տարատեսակ միջոցներ են ձեռնարկում՝ նվազեցնելու մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալները։  

Սակայն վերջին տարիներին գիտնականները պարզել են, որ մթնոլորտ արտանետվող մեկ այլ գազ շատ ավելի վտանգավոր և կործանարար կարող է լինել։ Խոսքը մեթանի մասին է, որի տեսակարար կշիռը մթնոլորտում վերջին երկու հարյուր տարում ավելի քան կրկնապատկվել է։ Գիտնականներն այսօր համոզված են, որ հենց մեթանի աճն է «պատասխանատու» գլոբալ տաքացման 20-30 տոկոսի համար։

Երկիր մոլորակի մթնոլորտում մեթանի արտանետումների հայտնաբերման և դրանց վերացմանն ուղղված աշխատանքներում վերջին տարիներին մեծ ներդրում ունի ամերիկացի ինժեներ և գյուտարար Թոնի Ֆադելը, որին շատերը ճանաչում են որպես iPod-ի ստեղծող։

Այսօր նրա աշխատանքի զգալի մասը կենտրոնացած է Երկիր մոլորակի կայուն ապագայի ապահովման վրա։ Բրատիսլավայում՝ STARMUS փառատոնի բեմից նա պատմեց այն մասին, թե ինչպես ստացվեց նրա ներգրավումը մթնոլորտում մեթանի արտանետումների դեմ պայքարում և թե ինչ կարևոր հանգրվանի են հասել նրանք այսօր։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Թոնի Ֆադելի ելույթի կարևոր հատվածները։

 

Տիեզերքը՝ մանկության երազանք

Ամենափոքր հասակից ես ինչ-որ բաներ եմ ստեղծում։ Միշտ եմ երազել Տիեզերքի մասին։ Երեխա էի, երբ տեսա, թե ինչպես է առաջին շաթլը թռչում երկինք։ Ծնվել եմ առաջին «Ապոլոն» առաքելության տարում։ Սա պատմում եմ՝ ցույց տալու համար, որ մեծացել եմ Տիեզերքի թեմայի շուրջ լինելով։ Ու թեպետ միշտ երազել եմ դրա մասին, սակայն ոչինչ չէի արել Տիեզերքում։ Եվ որքան բախտավոր էի ես, երբ 6-7 տարի առաջ զանգ ստացա՝ օգնելու կառուցել մի արբանյակ՝ շատ կարևոր մի արբանյակ, որը պետք է հայտնաբերեր մեթանի հետքերն ամբողջ աշխարհում։

 

Ինչո՞ւ է կարևոր հայտնաբերել մեթանի արտանետումները

Սա առաջին նմանօրինակ արբանյակն է, որն ունակ է հայտնաբերելու մեր մոլորակի մթնոլորտում մեթանը։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Չէ՞ որ դա ամենամեծ մթնոլորտային արտանետումը չէ։ Ամենամեծն ածխաթթու գազն է՝ CO2-ը, այն կազմում է համաշխարհային տարեկան արտանետումների 76 տոկոսը։ Մինչդեռ մեթանին բաժին է ընկնում ընդամենը 16 տոկոսը։ Խնդիրն այն է, որ մեթանը գլոբալ տաքացմանը 80 անգամ ավելի շատ նպաստող գազ է, քան ածխաթթու գազը։ Այո, ածխաթթու գազը շատ է, սակայն մեթանն ավելի մեծ խնդիր կարող է առաջացնել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում Երկիրը։ Եվ մենք պետք է հնարավորինս արագ գործի անցնենք։ Մենք սպասելու ժամանակ չունենք։

Մենք ամեն օր մթնոլորտ ավելի ու ավելի շատ մեթան ենք արտանետում։ Ճիշտ ածխաթթու գազի նման։ Այն մթնոլորտում չի պակասելու։ Եվ մենք պետք է հնարավորինս շուտ լուծենք այս խնդիրը։ Ինչո՞ւ։ Քանի որ հավատում ենք, որ մեթանը հայտնաբերելու ու դրա արտանետումները կասեցնելու միջոցով մենք կարող ենք 30 տոկոսով դանդաղեցնել գլոբալ տաքացման ընթացքը։ Դրա համար հարկավոր է գնալ և գտնել մեթանի աղբյուրներն ու նվազեցնել կամ վերացնել դրանք։

 

Ինչպե՞ս է մեթանը հայտնվում մթնոլորտում

Մեթանի արտանետման թիվ մեկ պատճառը, ինչպես և ածխաթթու գազի պարագայում, նավթագազային արդյունաբերությունն է։ Հենց դա է ԱՄՆ-ում ու ողջ աշխարհում խնդրի թիվ մեկ պատճառը։ Երկրորդ պատճառը գյուղատնտեսական կենդանիների արտանետումներն են։ Երրորդ պատճառը, որը հաջորդում է սրանց, աղբավայրերն են։ Մեր արբանյակը կարողանալու է հայտնաբերել այդ ամենը։ Սակայն, նախ և առաջ մենք հետևելու ենք նավթագազային արդյունաբերությանը, որը, ի դեպ, ամենաարագն է, որ կարող ենք կարգավորել։

Մենք միայն հիմա է, որ խոսում ենք այս խնդրի մասին։ 10 տարի առաջ աշխարհին հայտնի չէր մեթանի խնդիրը։

ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովից  (COP) հետո ԱՄՆ-ն և Եվրամիությունը ևս սկսեցին արձագանքել այդ խնդրին և սահմանեցին կարգավորումներ ու տույժեր նավթ ու գազ արտադրող բոլոր ընկերությունների համար՝ հանուն խնդրի լուծման։ Սա հիանալի է։ 10 տարի առաջ մենք խոսում էինք միայն ածխաթթու գազի մասին, հիմա արդեն քննարկում ենք մեթանի հարցն ու անգամ տեղերում օրենսդրություն ունենք, որը կարող է կարգավորել հարցը։

 

MethaneSat. «մեր աչքը» Տիեզերքում

Դեռևս մնում է հարցը՝ որտե՞ղ է մեթանը։ Բոլորը տեսնում են, որ կա խնդիր, բայց որտե՞ղ է այն։ Մինչ օրս մենք չունենք գլոբալ տվյալներ դրա մասին։ Եվ հենց մեր առաքելության նպատակն է այս արբանյակի տվյալներով հայտնել, թե որտեղ է մեթանը, ամբողջությամբ՝ մոլորակի բոլոր հատվածներում։ Հիմա մենք կարող ենք դա անել MethaneSat արբանյակի միջոցով։ Հիմա մենք կարող ենք «մեր աչքն ունենալ» երկնքում՝ այդ առաքելության շրջանակում ստուգելու ամբողջ մոլորակը։ Մենք կարող ենք անգամ հստակ գրանցել, թե որ տեղանքում, որքան ծավալով ու ինչ արագությամբ են այս արտանետումները տեղի ունենում ամեն օր։

MethaneSat արբանյակը մարտից արդեն այնտեղ է՝ Տիեզերքում։

Մյուս ամսվանից սկսած՝ մենք մարդկանց պատմելու ենք այն մասին, ինչ տեսնում ենք։ Արբանյակը երկրի շուրջ ամբողջական պտույտ է կատարում 95 րոպեում։ Եվ հենց այս պահին, մենք հավատացած ենք, որ այն կենտրոնացած է մոլորակի` մեթանի արտանետումների 80 տոկոսի հայտնաբերման վրա։

Մենք կարողանալու ենք տարբերակել մեթանը, մենք կարողանալու ենք աշխարհին պատմել դրա մասին։

 

Արբանյակի տվյալներն անվճար կլինեն հետազոտողների համար

Հատկապես կարևոր է այն, որ արբանյակից ստացվող տեղեկություններն անվճար են լինելու հետազոտողների համար. խոսքը չմշակված, «հում» տվյալների մասին է, որոնք կարող է օգտագործել ցանկացած մեկը՝ օգնելու  մեզ այս հետազոտությունների հարցում, օգնելու հասկանալ, թե արդյոք ձեր հարևանի մոտ կա մեթանի արտահոսք, կամ գուցե այն ընկերության կամ ձեռնարկության մոտ, որի համար աշխատում եք։ 

Մենք բոլորս կարող ենք օգնել՝ դադարեցնելու մեթանի արտահոսքը։ Իսկ ընկերությունները, որոնք կցանկանան օգտվել այս տվյալներից, ստիպված կլինեն վճարել դրա համար։ Այդ ճանապարհով ենք մենք կարողանալու շարունակել պահպանել առաքելության իրականացումը։

Արաքս Կասյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am