Հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Գյումրիում

Armenpress 13:42, 4 Մայիս, 2024

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի (Մալխաս)  «Այ բալա, շուտով՝ 80» համերգը՝ «Մալխաս ջազ» բենդի և համերգի հատուկ հյուր՝ Գյումրու համայնքապետարանի «Անի» փողային նվագախմբի մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան առթիվ կազմակերպված համերգին ջազի երկրպագուները վայելեցին սիրված և նոր  ջազային կատարումներ: 

«Լևոն Մալխասյանը և՛ որպես երաժիշտ, և՛ որպես Ջազի Հայկական Ասոցիացիայի պատվավոր նախագահ մշտապես եղել է  «Մանուկյան պրոդաքշն»-ի կողքին  և նաև նրա շնորհիվ է, որ սիրվել ու գնահատվել է ոչ միայն  «Ջազը եւ Գյումրին» նախագիծը,  այլ նաև բոլորիդ  սիրված «Հայաթ Ջազ»-ը»,- ողջունելով ջազի սիրահարներին՝ նշեց Գյումրու Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ ուրախությամբ հավելելով,  որ հայտնի ջազմենի հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարվում է Գյումրիում՝ այս համերգով։

Սիրված ջազմենը ոչ միայն մեծ ներդրում ունի հայկական ջազի զարգացան, այլ նաև Գյումրիում  ջազային ավանդույթները շարունակելու ու Գյումրիում երաժշտասերներին ջազային հրաշալի համերգներ նվիրելու գործում. նա մշտապես եղել է Գյումրիում անցկացվող «Ջազը եւ Գյումրին»  և «Հայաթ Ջազ»-ի կողքին։

Երեկոյի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի կողմից, Գյումրում ջազային երաժշտության տարածման գործում ներդրած ավանդի, տարիների արդյունավետ փոխգործակցության ու Գյումրիի մշակութային կյանքի ակտիվությանը նպաստելու համար «Մալխաս ջազ» բենդը պարգևատրվեց պատվոգրով:

Արմենուհի Մխոյան 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am