Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին

Armenpress 11:33, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զինվորականները գիշերը մի շարք նոր հարձակումներ են իրականացրել Լիբանանում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի օբյեկտների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ վերջինիս տեղեկատվության՝ գիշերը լիբանանյան կողմից արձանագրվել է հակատանկային հրթիռների երկու արձակում Իսրայելի հյուսիսի Հար Դով լեռան ուղղությամբ։ Այս հարվածի հետևանքով զոհվել է իսրայելցի քաղաքացիական անձ։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) տանկերն ու հրետանին կրակ են բացել հարձակումների աղբյուրների ուղղությամբ։ Նրանք գրոհել են Լիբանանի հարավի  Շաբաա բարձունքների արձակման կայանքի վրա:

Ըստ ԻՊԲ-ի՝ այս հարվածից որոշ ժամանակ առաջ իսրայելական օդուժի կործանիչները հարվածել են «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքի օբյեկտներին Քֆար Շուբայի բլուրներում և Լիբանանի հարավի Մարկաբա բնակավայրի մերձակայքում։

Իր հերթին Al Mayadeen հեռուստակայանը հաղորդել է, որ «Հեզբոլլահ»-ի զինված կազմավորումները համազարկային կրակի հրթիռային համակարգերով գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը։

Նշվում է, որ շիաների ջոկատներն առնվազն 10 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, տեղի են ունեցել ուժգին պայթյուններ։ Կրակ է բացվել նաև Քֆար Շուբայի բարձունքի ուղղությամբ, որտեղ գնդակոծման տակ են հայտնվել իսրայելական բանակի դիրքերը Ռուվեյսաթում։ Ըստ հրապարակման՝ վիրավորներին փրկելու համար տարածքում վայրէջք է կատարել իսրայելական ուղղաթիռ։

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի ռազմատեղեկատվական ծառայությունը հայտնել էր շիա մարտիկների կողմից Էդ Դուհեյրի սահմանային կետի մոտ իսրայելցի զինվորականների խմբի վրա հարձակման մասին, ինչի հետևանքով չորս զինվոր վիրավորվել է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am