Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա

Armenpress 10:42, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ժամանել է Շրի Լանկա, որպեսզի մասնակցի Թեհրանի կողմից ֆինանսավորված խոշոր նախագծի բացման արարողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Մեկօրյա այցի ընթացքում Իրանի նախագահը պաշտոնապես կբացի «Ումա Օյա» հիդրոէներգետիկ համալիրը՝ մեգանախագիծ, որը ֆինանսավորվել է Իրանի կառավարության կողմից», - նշված է հրապարակման մեջ։

Բացի այդ, Ռայիսին կհյուրընկալվի Շրի Լանկայի տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոն հանդիսացող Կոլոմբո քաղաքում գտնվող նախագահական պալատում, կմասնակցի Իրանի և Շրի Լանկայի բարձրաստիճան պատվիրակությունների միջև կայանալիք հանդիպմանը, կստորագրի համագործակցության մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև կմասնակցի մամուլի ասուլիսի։

Շրի Լանկայից առաջ Ռայիսին պետական այցով Պակիստանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան քաղաքական, ռազմական և կրոնական ղեկավարների հետ, ինչպես նաև ստորագրել է համագործակցության 8 համաձայնագիր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am