ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

Armenpress 19:07, 12 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, Ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների, գործարար միջավայրի և աշխատաշուկայի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Ըստ աղբյուրի՝ նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ գործընկերներին ՀՀ կառավարության կարևոր բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության և առկա արդյունավետ համագործակցության համար:

Նշվում է, որ նախարարը նաև բարձր է գնահատել Ծրագրի շրջանակներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ ԱՄՀ-ի կողմից տրամադրվող բազմոլորտ տեխնիկական աջակցության հասանելիությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am