Գործակալության մասին

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը Հայաստանի միակ պետական լրատվական գործակալությունն է։ Հիմնված լինելով 1918 թվականին՝ լրատվական գործակալությունը եղել է Հայաստանի երեք հանրապետությունների ուղեկիցն ու պատմական կարևորագույն իրադարձությունների վավերագրողը։ Ավելի քան մեկ դար շարունակ ԱՐՄԵՆՊՐԵՍ -ը հավատարիմ է մնում վստահելի, ստույգ և անկողմնակալ լրատվություն ապահովելու իր առաքելությանը։ 

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ն օրական հրապարակում է ավելի քան 500 լուր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, չինարեն և վրացերեն։ 

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի գրասենյակը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում. գործակալությունը թղթակիցներ ունի ոչ միայն Հայաստանի որոշ մարզերում, այլև Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Բելգիայում։ 

Մեր արժեքները

ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության գործունեության առանցքում օպերատիվ, ստուգված, ճշգրիտ, հավասարակշռված, անաչառ լուրերի մատուցումն է։ 

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ն առաջնորդվում է «Ապագայի լրատվամիջոց» կարգախոսով՝ զարգանալու, անդադար նորարարական մոտեցումեր կիրառելու, ժամանակի պահանջներին համընթաց քայլող մեդիա կերտելու տեսլականով: 

Մեր պատմությունը

ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալությունը հիմնվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրենսդիր մարմնի՝ Ազգային խորհրդի ընդունած օրենքով։ Բոլոր ժամանակներում Հայհեռագործ, Հայկավռոստա, Արմենտա, ՀՀԳ, իսկ 1972 թվականից արդեն ԱՐՄԵՆՊՐԵՍ անունը ստացած լրատվական գործակալությունն իր լրատվական արտադրանքն է մատակարարել հայաստանյան ու միջազգային լրատվական գործակալություններին, թերթերին ու ամսագրերին, ռադիոյին և հեռուստաընկերություններին:

Մեր աշխատակիցները

Աշխարհին Հայաստանից ու Հայաստանի մասին, նաև միջազգային կարևորագույն լուրերը հասանելի են դառնում «Արմենպրես» լրատվական գործակալության ավելի քան ութ տասնյակ աշխատակիցների ջանքերով: Տեղական լուրերի արտադրության, միջազգային նորությունների, ինն օտար լեզվով թարգմանական բաժինների, տեսա և լուսանկարահանման խմբագրությունների, մամուլի սրահի ու հատուկ նախաձեռնությունների, արտաքին կապերի և միջազգային գործընկերների հետ համագործակցության բաժինների, վարչական աշխատակազմի ու սպասարկման աշխատանքներն իրականացնողների ամենօրյա կուռ ու նպատակասլաց ջանքերի արդյունքում գործակալությունը պահպանում է իր առաջատար տեղն ու դերը երկրի զանգվածային լրատվամիջոցների շարքում:  

Միջազգային համագործակցությունը 

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ն արդեն երկար տասնամյակներ վայելում է վստահելի միջազգային գործընկերոջ համբավը։ Լրատվական գործակալությունը լուրերի և մեդիաբովանդակության փոխանակման վերաբերյալ համագործակցության պայմանագրեր ունի ավելի քան երեք տասնյակ լրատվական գործակալությունների հետ։ Համագործակցության աշխարհագրությունն ընդգրկում է գրեթե բոլոր աշխարհամասերը՝ Ամերիկայից Ասիա, Եվրոպայից Աֆրիկա: Միջազգային համագործակցությունը ենթադրում է նաև փոխադարձ այցերի և վերապատրաստման դասընթացների կազմակերպում՝ մշտապես թարմացնելով մասնագիտական գիտելիքն ու քայլելով ժամանակակից լրատվության միտումներին համընթաց։   

Մամուլի սրահ

2000-ականների սկզբից ակտիվորեն գործում է ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության մամուլի կենտրոնը, որտեղ տարեկան կազմակերպվում է շուրջ 200 միջոցառում։ Կենտրոնում կազմակերպվող մամուլի ասուլիսները, հեռուստակամուրջները, շնորհանդեսները խիստ բազմազան են բովանդակությամբ և անդրադառնում են երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական, առողջապահական, տեխնոլոգիական, մշակութային, սպորտային ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին։ 

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի մամուլի սրահում կազմակերպվող բոլոր ասուլիսների ժամանակ գործակալությունն ապահովում է ուղիղ հեռարձակումներ։ 

Կրթական ծրագրեր 

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը կարևորում է տեղեկատվական գրագիտությունն ու մեդիագրագիտությունը։ Գործակալությունը մեդիագրագետ քաղաքացիներ ձևավորելու նպատակով իրականացնում է կրթական ծրագրեր հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար։ 

Գիտելիքից արտադրություն շղթան ի շահ ժուռնալիստի մասնագիտության զարգացմանն ու կատարելագործմանը ծառայեցնելու, բուհի և գործատուի միջև կապերի ամրապնդման նպատակով գործակալությունը համագործակցության կամուրջներ է կառուցել նաև Հայաստանի բարձրագույն ուսումնական տարբեր հաստատությունների հետ: 

Գործակալության և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը մասնագիտական աջակցություն է ցուցաբերում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին։

Ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ հայաստանյան այլ բուհերի հետ համագործակցությամբ ԱՐՄԵՆՊՐԵՍ-ում են անցկացվում ուսանողների ուսումնաարտադրական, մասնագիտական պրակտիկաները, երիտասարդ կադրերի վերապատրաստումները:

Մեդիաբանկ

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի մեդիաբանկում ներառված է շուրջ 1 մլն միավորի հասնող մեդիաբովանդակություն։ Դրանք ոչ միայն Հայաստանում և արտերկրում ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի թղթակիցների ստեղծած վիզուալ մեդիաարտադրանքն են՝  լուսանկարներ և տեսանյութեր, գործընկեր լրատվական գործակալությունների տրամադրած տեսաբովանդակությունը, այլև 20-րդ դարի կեսերից եկող բացառիկ արխիվային լուսանկարներ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում