Քաղաքականություն

Դեսպան Տիգրան Գևորգյանն աշխատանքային այց է կատարել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններ

3 րոպեի ընթերցում

Դեսպան Տիգրան Գևորգյանն աշխատանքային այց է կատարել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հունիսի 12-15-ը այցելեց Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Գևորգյանը եղավ Լաթաքիայում և հայաբնակ Քեսաբում, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչների և հայ համայնքի հետ:

Հունիսի 12-ին Տիգրան Գևորգյանին ընդունեց Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խդրուր ալ-Սալեհը (Ibrahim Khudr al-Salem): Զրուցակիցները քննարկեցին մարզային մակարդակով հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև անդրադարձան Լաթաքիայի նահանգում բնակվող հայկական համայնքի խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին: Նահանգապետը բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը նահանգի սոցիալ-տնտեսական զարգացման գործում և հույս հայտնեց, որ հայությունը կարող է կամուրջ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Իր հերթին դեսպան Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նահանգային ղեկավարությանը հայ համայնքի և, մասնավորապես, քեսաբահայության նկատմամբ ջերմ և հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ դեսպանը և Լաթաքիայի նահանգապետը պայմանավորվեցին պարբերաբար նման հանդիպումներ ունենալ:

Լաթաքիայի հայ համայնքի ներկայացուցիչների և սբ․ Աստվածածին եկեղեցու թաղական խորհրդի ղեկավար անդամների հետ հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության հեռանկարները: Քննարկվեց նաև համահայկական 7-րդ խաղերին սիրիահայ մարզիկների հնարավոր մասնակցության հարցը:

Հունիսի 15-ին դեսպան Գևորգյանն այցելեց հայաբնակ Քեսաբ, որտեղ հանդիպումներ ունեցավ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի ևհամայնքի հետ, ինչպես նաև եղավ Քեսաբի հայկական եկեղեցիներում: ՀՀ դեսպանը քեսաբահայերից տեղեկացավ համայնքի առջև ծառացած խնդիրների մասին և քննարկեց դրանց լուծման հնարավորությունները: Տիգրան Գևորգյանի հետ առանձնազրույցի ընթացքում Վազգեն Չափարյանը ներկայացրեցհայ համայնքին առնչվող արդի մարտահրավերները` մտահոգություն հայտնելով պարբերաբար իրականացվող ռմբակոծությունների կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում