ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկությունը որակեց բարդ մրցաշար:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Դավթյանը: Մարմնամարզիկը, մասնավորապես, փաստեց. «Աշխարհի գավաթի այս խաղարկությունը բարդ ստացվեց: Այն բարդացել էր, քանի որ վարկանիշային էր Տոկիոյի օլիմպիական խաղերի համար: Ուժեղագույն մարզիկներն էին մասնակցում: Թերություններ կային մեր կատարած վարժություններում, բայց կշտկենք և կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը: Իսկ ինչ վերաբերում է վնասվածքից արագ վերականգվելուն, ապա ինձ հաջողվեց հոգեբանորեն լավ տրամադրվել»:
Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանի հավաքականը մասնակցել է 4 մարզիկով: Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում գրավել է երրորդ, Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում՝ երկրորդ, իսկ Վահագն Դավթյանը նույն օղակների վարժությունում՝ երրորդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգաթափերի վարժությունում 5-րդն էր: