Իմ բոլոր նպատակները կապված են երիտասարդների հետ. Արմեն Սարգսյանը հանդիպեց Հայ-ռուսական համալսարանի շրջանավարտների հետ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջարկված, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի նախաձեռնությամբ հանդիպեց համալսարանի շրջանավարտների ակումբի անդամների հետ: Սարգսյանը նշեց, որ մեծ ուրախությամբ է ընդունել հրավերը՝ գալ, լսել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող երիտասարդների կարծիքները զանազան հարցերի շուրջ: Նա ցանկություն հայտնեց հանդիպել նաեւ այլ բուհերի, գիտական, կրթական ոլորտը ներկայացնող երիտասարդների հետ:
«Վստահ եմ, որ Հայաստանն ունի երիտասարդ տաղանդավոր երիտասարդներ, որոնք լեցուն են գիտելիքով եւ եռանդով: Ինձ համար ամենակարեւոր խնդիրներից մեկն է, որ եթե ինչ-որ բան անելու եմ, պետք է անեմ ձեզ համար, այսինքն՝ Հայաստանի ապագայի, երիտասարդների համար, որովհետեւ, ի վերջո, մեր բոլոր գործերը, պայքարն ու նպատակները ձեզ են ուղղված լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Սարգսյանը:
Նա ծանոթացավ երիտասարդների հետ, ներկայացրեց իր անցած ուղին, հետաքրքիր դրվագներ Հայաստանում եւ արտերկրում ծավալած գործունեության տարիներից, ապա իր տեսլականը երկրի զարգացման վերաբերյալ:
Երիտասարդները, ովքեր գործունեություն են ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնեսի, լրագրության, հանրային կապերի, տնտեսագիտության, քաղաքագիտության ոլորտներում, հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը, ներկայացնել ակնկալիքները: Թեմաները տարբեր էին՝ երկրի տնտեսական առաջխաղացմանն առնչվող հարցերից մինչեւ մշակութային զբոսավարություն եւ հայրենադարձություն:
«Բանաձեւը շատ պարզ է. պետք է կարողանանք հաջողություններ եւ հաղթանակներ գրանցել եւ գնահատել դա: Չենք կարող անընդհատ ասել՝ վատ է, վատ է, երբ որ շատ լավ բաներ կան այս երկրում, եկեք ցույց տանք այդ լավը»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ պետք է գնալ հաջողությունից դեպի մյուս հաջողությունը, հաղթանակից դեպի մյուս հաղթանակ, եւ նրա վստահեցմամբ՝ եթե Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները տեսնեն, որ այստեղ մարդիկ հաջողության են հասնում, ապա նրանք կվերադառնան հայրենիք:
Համալսարանի շրջանավարտ Խիկար Դանիելյանը, ով այժմ աշխատում է BetConstruct ընկերությունում որպես ծրագրավորող, նշեց, որ հանդիպումը շատ հետաքրքիր էր, քանի որ առիթ ունեցան խոսել կարեւոր հարցերի մասին:
«Մեզ հուզող հարցերը քննարկեցինք, այսինքն՝ ինչ անել երկրի վիճակը ավելի բարելավելու համար եւ ինչ դեր ունենք մենք այդ ամենի մեջ: Մենք ծանոթացանք նրա հետ եւ, ամենակարեւորը, հասկացանք, թե ինչ տիպի մարդ է, որովհետեւ ինչքան էլ գիտեի, կարդացել էի, լսել էի նրա մասին, չէի պատկերացնում նրա ապրած կյանքը, իսկ այսպես ավելի մոտիկից ճանաչեցինք, իմացանք՝ ինչ արժեքների տեր մարդ է»,-ասաց երիտասարդը՝ ընդգծելով, որ հստակ ակնկալում է, որ նախագահ դառնալու դեպքում՝ Արմեն Սարգսյանը կդարձնի երկիրը լավ ապրելու վայր, որպեսզի մարդիկ չցանկանան լքել այն եւ մնան այստեղ: