Քաղաքականություն

Պատերազմական իրավիճակում հայ-ռուսական միացյալ զորամիավորման հրամանատարության հարցը որոշելու են նախագահները

2 րոպեի ընթերցում

Պատերազմական իրավիճակում հայ-ռուսական միացյալ զորամիավորման հրամանատարության հարցը որոշելու են նախագահները

ԴԻԼԻՋԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ռուսական համատեղ զորամիավորման մասին համաձայնագրի վերաբերյալ: Տավուշի մարզում լրագրողների հետ հանդիպմանը Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ համաձայնագրով նոր զորամիավորում չի ստեղծվում: «Խոսքն այս դեպքում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումների մասին է, որին որոշակի իրավիճակներում միանալու է նաև հայկական զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ զորամիավորման հրամանատարը խաղաղ պայմաններում գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն է, իսկ պատերազմական իրավիճակում երկու երկրների գերագույն-գլխավոր հրամանատարները միասին որոշելու են զորամիավորման հրամանատարության և կառավարման հարցերը:

Ռուսաստանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունները նոյեմբերի 30-ին ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել և հանձնարարել էր Հայաստանի հետ ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագրի նախագիծը, որը «համարժեք հակազդում կապահովի զինված հարձակմանը, ինչպես նաև կողմերի անվտանգության մյուս մարտահրավերներին ու սպառնալիքներին»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում