Քաղաքականություն

Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ռիոյում Միհրան Հարությունյանի մրցամարտի կողմնակալ մրցավարությունից

3 րոպեի ընթերցում

Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ռիոյում Միհրան Հարությունյանի մրցամարտի կողմնակալ մրցավարությունից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանը ելույթ է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է ելույթն ամբողջությամբ:

«Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարևոր է թվում, բայց իրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին և հասարակությունների: Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ միանշանակ այն պետք է ազատ լինի և հեռու լինի քաղաքականությունից, անարդարությունից և անհավասարությունից, սրանց ցանկացած ձևից: Սպորտը պետք է լինի հստակ և մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի համար ամենացանկալի բարձրագույն նպատակը Օլիմպիական խաղերին հաղթանակն է:

Այս տարին Օլիմպիական տարի էր, և այստեղ գտնվող երկրներից շատերը պատիվ ունեցան մասնակցելու և հաղթելու այդ խաղերին: Իմ երկիրն էլ ունի ոսկե մեդալ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել հունահռոմեական ոճում օլիմպիական չեմպիոն դարձած հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

Բայց ցավոք, սպորտում ևս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաև անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի և կանոնների վրա, այլ փորձում են ինչ-ինչ ծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակին մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից և ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ և անարդար գնահատման պատճառով: Պարտադիր չէ լինել մասնագետ, որ համոզվել իմ ասածում, բավական է դիտել ներկաների զարմանքը և վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպիոնին և ծափահարում Միհրանին: Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը և Հովհաննես Բաչկովը ևս անարդար մրցավարների տուժողներ են:

Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում Խորհրդարանական Վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և ազդել միջազգային տարբեր սպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել և վերականգնել արդարությունը: Անարդարություն ցանկացած դրսևորում մթագնում է ոչ միայն Օլիմպիական խաղերի համբավը, այլև կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու և հաղթելու հավատը և հույսը:

Ժամանակակից Օլիմպիական խաղերի հայր Պիեռ դե Կուբերտեն մի անգամ ասել է. «Օլիմպիական խաղերում կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը. էականը կյանքում ոչ թե նվաճելն է, այլ պայքարելը»: Թույլ տվեք հավելել. եթե անարդարության հետևանքով մեռնում է հույսը, որևէ մեկը այլևս չի հավատալու սպորտին:

Այնպես որ, հարգարժան գործընկերներ, եկե՛ք վերականգնենք հավատը»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում