Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված նամականիշը դրվել է շրջանառության մեջ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը հոկտեմբերի 4-ին շրջանառության մեջ դրեց 1 նամականիշ՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեցցո-սոպրանոՏաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:
Տաթևիկ Սազանդարյանը եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի՝ ունենալով մեծ ներդրում ազգային օպերային արվեստի զարգացման գործում:
Նամականիշը ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել է Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում: Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տ. Սազանդարյանը՝ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համանուն դերում: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Մարումն իրականացրեցին ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանի երաժշտական միության նախագահ, մշակութային գործիչ, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Թողարկման օրը՝ 4 հոկտեմբեր, 2016թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Անվանագինը՝ 230դր
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 30,000