Մշակույթ

Երեք բնագավառի 13 ստեղծագործող արժանացել է ՀՀ պետական մրցանակի

3 րոպեի ընթերցում

Երեք բնագավառի 13 ստեղծագործող արժանացել է ՀՀ պետական մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում հավաքվել են տարվա ընթացքում մշակույթի, արվեստի եւ գիտության ոլորտում լուրջ ներդրումներ կատարած եւ նոր ստեղծագործություններով աչքի ընկած մարդիկ: Նրանցից 13-ի կատարած աշխատանքն արժանացել է ՀՀ պետական մրցանակի. որոշումը կայացրել են տվյալ բնագավառում մասնագիտական հանձնաժողովները, մրցանակները հանձնում է հանրապետության նախագահը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պետական պարգեւների են արժանացել գրականության եւ արվեստի, ճարարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում լուրջ ներդրումներ կատարած անձինք: Մնացած ոլորտներում կամ հայտեր չեն եղել, կամ էլ հանձաժողովը խիստ է գնահատել ներկայացված գործերը:

Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում հանձնաժողովը 3 անգամ գաղտնի քվերակությամբ ու միաձայն ընտրել է Հակոբ Մովսեսի «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուն: Հանձնաժողովը որոշել է, որ ժողովածուի լեզուն յուրահատուկ է, խորաթափանց եւ գրավող:

Վարդան Աճեմյանը կարողացել է բացահայտել, թե որն է հնչյունի թատրոնն ու լարային նվագախմբի, գոսերի եւ դաշնամուրի համար ստեղծագործություն է գրել ու անվանել «Հնչյունի թատրոն»: Աշխատանքը լավագույնն է ճանաչվել, պարգեւը` պետական մրցանակն է:

Ռեժիսոր Վահե Կեվորկովը, օպերատորներ Սամվել Բաբայանն ու Հայկ Բադալյանը, սցենարի հեղինակ Աննա Դերձակյանն ու մոնտաժող Արթուր Փարսյանը ստեղծել են «Արմենիա. ծովից ծով» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Զորի Բալայանի եւ «Արմենիա» նավի կատարած ճամփորդության մասին:

Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրը լավագույնն է ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում: Հանձնաժողովի դատին ներկայացվել էր երկու կառույց` նորակառույց վարչական համալիրն ու Դիլիջանի դպրոցը: Հանձնաժողովը որոշումը կայացրել է հօգուտ վարչական համալիրի. Արդյունքում` ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, կոնստրուկտոր Պոլ Չաթալբաշյանն ու «Սպիտալ տնակ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Ախոյանն արժանանում են բարձրագույն մրցանակին:

Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում էլ լավագույնը «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքն է: Աշոտ Սաղյանը, Աննա Մկրտչյանն ու Հայարփի Սիմոնյանն էլ պարգեւատրվողների ցանկում են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում