Ալեքսանդր Արզումանյանը չի հավատում ՍԴ դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնության հաջողությանը, բայց միացել է
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ևս միացել է ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին՝ հանրաքվեի արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արզումանյանը նշեց, որ այդ ստորագրահավաքն առողջ գործընթաց է, որին պետք է մասնակցել: «Չեմ կարծում, որ այս նախաձեռնությունհ հաջողության կհասնի, սակայն համարում եմ, որ սա առողջ գործընթաց է: Ցանկացած քննարկում ժողովրդավարության դրսևորում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արզումանյանը:
Նա ընդգծեց, որ իշխանությունները պետք է կարողանան համոզել քաղաքական ուժերին և հանրությանը, որ հանրաքվեի արդյունքները լեգիտիմ են: Պատգամավորը նաև հավելեց, որ ինքն անձամբ կողմ է սահմանադրական բարեփոխումներին:
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն միանում ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «ԲՀԿ-ն երբեք ընդդիմադիր դաշտում չի գործել: ԲՀԿ-ն եղել է չիշխանություն, ես իրենց այդպես եմ կոչել: Հիմա էլ գուցե կիսաիշխանություն է: Իսկ ՀՅԴ-ն սկզբունքորեն պաշտպանում է իր 25 տարվա մոտեցումը: Այն, որ այս Սահմանադրությունը բխում է ՀՅԴ գաղափարախոսությունից, դա անհերքելի է»,- եզրափակեց Արզումանյանը:
Հանրաքվեի արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել է ՕԵԿ խմբակցությունը, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը: Նախաձեռնությանն առայժմ չեն միացել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը և Հրանտ Բագրատյանը: