Հասարակական

Ամենայն Հայրապետի ձեռամբ Սուրբ Գեղարդը բերվեց Մայր Տաճար` ի երկրպագություն ուխտավորների

4 րոպեի ընթերցում

Ամենայն Հայրապետի ձեռամբ Սուրբ Գեղարդը բերվեց Մայր Տաճար` ի երկրպագություն ուխտավորների

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը, Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Տոնը նաև Սուրբ Գեղարդի ուխտի օր է հռչակվել` 2014 թվականի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատարագի ընթացքում Հայրապետական հանդիասավոր թափորով Սուրբ Գեղարդը բերվեց Մայր Տաճար` արժանանալով ուխտավորների երկրպագությանը: Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև այսօր երեկո:

«Այս խնդալից պահին հոգեկան ամենավեհ զգացումներով շնորհավորում եմ առաջին հերթին Ամենայն Հայոց Հայրապետին, սրբազան եպիսկոպոսաց ու քահանայաց դասերին այս տոնի առիթով: Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը մեր ազգային եկեղեցու մեծագույն տոներից է, քանի որ այդ երկու առաքյալներն աստվածային նախախնամությամբ դարեր առաջ` քրիստոնեության արշալույսին, եկան Հայաստան` քարոզելու Սուրբ Գիրքը»,-իր քարոզում նշեց պատարագիչ, Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Նրա խոսքով` ավետարանիչները Հայաստանում պարարտ հող գտան, քանի որ Հայաստանն ի սկզբանե եղել էր Աստծո կողմից ընտրյալ վայր` Նոյի տապանի հանգրվանը:

Անդրադառնալով Գեղարդի ուխտի օրվա խորհրդին` Տեր Ասողիկը գոհունակությամբ նշեց, որ աստվածային ցանկությամբ Քրիստոսին խոցած նիզակը` Սուրբ Գեղարդը, բաժին հասավ մեզ` հայերին: «Այս խառը ժամանակերում թող Սուրբ Գեղարդի զորությունը մեզ հաստատի մեր հավատքի մեջ»,-ավելացրեց պատարագիչը:

Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր: Այս տարի Ս. Գեղարդը Էջմիածնի Մայր Տաճար իջեցվեց նոյեմբերի 28-ին և հնարավորություն ընձեռնվեց ուխտավորներին երկրպագելու Ս. Նշանին և համբուրելու՝ հայց մատուցելով առ Աստված, որ Տերը հոգու և մարմնի բժշկություն, հավատքի ամրություն ու արիություն շնորհի նրանց:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում համաքրիստոնեական սրբություններից մեկը՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որով նաև օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը: Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին՝ խաչի վրա: Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34): Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է հանուր հայության հոգևոր կենտրոնում: Համաձայն պատմական տեղեկությունների, Աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաև՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում