Քաղաքականություն

Փարիզում մեկնարկած համագումարի օրակարգում արևմտահայության իրավունքների վերաբերյալ զեկույցն է

4 րոպեի ընթերցում

Փարիզում մեկնարկած համագումարի օրակարգում արևմտահայության իրավունքների վերաբերյալ զեկույցն է

ՓԱՐԻԶ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմտահայոց ազգային 4-րդ համագումարը Փարիզի «Մերիդիեն» հյուրանոցում է մեկնարկած համաժողովը միավորել է բազմաթիվ պատվիրակներ, հրավիրյալներ և հյուրերի՝ տարբեր երկրներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համագումարի բացման խոսքում Արևմտահայոց ազգային համագումարի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, Սուրեն Սեյրատարյանը, անդրադառնալով Արևմտահայոց ազգային համագումարի պատմությանը, գործունեությանն ու նպատակին, նշեց, որ արևմտահայության իրավունքները իրավական առումով հստակ և անշրջանցելի են, քանի որ հանձին արևմտահայության` կա պահանջող կողմ, որն ավելի զորեղ է, ավելի կայացած, քան 19-րդ կամ 20-րդ դարերում:

Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Շանթ Չինչինյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը և այլոք:

Ելույթներով հանդես եկան Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության խորհրդարանի պատգամավորներ Ալի Հալոն և Երվանդ Էմինյանը, ասորական համայնքի ներկայացուցիչ Շաբո Աքգյուլը, Դերսիմի զազաների համայնքի ներկայացուցիչ, երաժշտագետ Միքայել Ասլանը և այլոք:

Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության խորհրդարանի պատգամավոր Ալի Հալոն իր ելույթում պաշտոնապես քրդերի անունից ներողություն խնդրեց հայերից` Հայոց ցեղասպանությանը քրդերի մասնակցության համար, միևնույն ժամանակ նշելով, որ քրդերն օգտագործվել են Օսմանյան կառավարության կողմից: Նա համագումարին հղեց Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության պատրաստակամությունը` աջակցելու արևմտահայոց պահանջատիրության գործընթացին:

Ասորական համայնքի ներկայացուցիչ Շաբո Աքգյուլն իր ելույթում նշեց, որ հայերի հետ միասին ցեղասպանության են ենթարկվել նաև ասորիները և կարևորելով նման համագումարի անցկացումը` փաստեց ասորի և հայ ժողովրդի միասնական պայքարի անհրաժեշտության մասին: Նա իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ Ազգային ժողովում ասորիների ու պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:

Միջազգային իրավունքի մասնագետներ Լևոն Գրիգորյանն ու Եղիշե Կիրակոսյանն անդրադարձան արևմտահայերի պահանջատիրության հարցում միջազգային իրավական հիմնախնդիրներին, Թուրքիայի իրավաջորդության ու Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի հանրապետության պատասխանատվությանն առնչվող միջազգային իրավական փաստաթղթերին ու հիմնահարցերին: Մասնագետները փաստեցին, որ Թուրքիայի հանրապետությունը հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդ, և կրում պատասխանատվություն Հայոց ցեղասպանության համար:

Արևմտահայոց Ազգային համագումարի խորհրդի գլխավոր քարտուղար Սևակ Արծրունին անդրադարձավ արևմտահայության իրավունքների վերաբերյալ պատրաստված զեկույցին` նշելով, որ նման ամբողջական փաստաթղթի ստեղծման վերաբերյալ որոշում կայացվել էր նախորդ համագումարին: Փաստաթուղթը պատրաստվել է փորձագիտական խմբի կողմից, որի կազմում ներառված են եղել միջազգային իրավունքի, պատմագիտության, քաղաքագիտության, թուրքագիտության, քրդագիտության, սոցիոլոգիայի և այլ ոլորտների հայ և օտարերկրյա մասնագետներ: Մասնագիտական հանձնաժողովի և Արևմտահայոց ազգային համագումարի նախորդ տարիների աշխատանքի գլխավոր եզրակացությունն այն է, որ արևմտահայությունը որպես մեկ միասնական պահանջատեր ամբողջություն, հետապնդում է հստակ, անժամանցելի և անշրջանցելի նպատակ` վերականգնել իր ժողովրդագրական և քաղաքակրթական գոյությունն իր Հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում