1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալլաէտդդին Բուրուջերդին խստորեն քննադատել է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բուրուջերդին նշել է, որ եթե վերջին տարիներին Թուրքիայի քաղաքականությունը դիտարկենք որպես շղթա, ապա այդ շղթայի տարբեր օղակներում Անկարան անհաջողության է մատնվել: «Սիրիան սրա ամենաակնհայտ օրինակներից մեկն է: Անկարան, որը ցանկանում էր իշխանափոխության հասնել Սիրիայում, պարտության մատնվեց: Իրաքում էլ նման իրավիճակի դեմ դիմաց է հայտնվել»,- նշել է նա: Քննադատելով Թուրքիայի քաղաքականությունը Իրանի նկատմամբ` Բուրուջերդին հույս է հայտնել, որ առաջիկայում պաշտոնական Անկարան կվերանայի այս քաղաքականությունը: