Տարածաշրջանային

Թուրքիայի քրդական կուսակցությունը ընտրությունների համար դաշինք է կազմել ալեւիների հետ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի քրդական կուսակցությունը  ընտրությունների համար դաշինք է կազմել ալեւիների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում նվազագույն 10 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար դաշինք է կազմել Եվրոպայի ալեւիական միությունների համադաշնության հետ եւս:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքի կայքը, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող միակ քրդական HDP-ի համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը:

«Մենք համաձայնություն ենք ձեռք բերել այն մասին, որ թուրքաբնակ ալեւիների հետ միասին HDP-ի ցուցակով պատգամավորության թեկնածու կառաջադրվի նաեւ Եվրոպայի ալեւիական միությունների համադաշնության նախագահ Թուրգութ Օքերը»,- ասել է նա:

Քուրդ քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիայի ալեւիական կազմակերպություններից HDP-ի ցուցակում ընդգրկվել են եւս երկու թեկնածուներ; Այսպիսով` առաջիկա խորհրդարանական ընտրություններում HDP-ի ցուցակով պատգամավորության թեկնածու կառաջադրվեն երեք անձինք, որոնք, հնարավոր է` հայտնվեն Թուրքիայի խորհրդարանում:

Դեմիրթաշի խոսքով` խորհրդարանական ընտրությունների շեմին դա HDP-ի հետ երրորդ դաշինքն է: «Երկրորդ դաշինքը HDP-ը կնքել է Աշխատանքի կուսակցության հետ, իսկ առաջին դաշինքը` Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններից որոշ կուսակցությունների եւ կազմակերպությունների հետ», - նշել է Դեմիրթաշը:

HDP-ի համանախագահն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցությունից կառաջադրվեն ծագումով հայ թեկնածուներ եւս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում