«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը լուծում է համայնքների խմելու ջրի եւ զբոսաշրջային գրավչության խնդիրներ
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման շրջանակներում հաջորդ տարի կլուծվի համայնքի 5 գյուղերի խմելու ջրի խողովակաշարի վերականգնման հարցը: Կստեղծվի նաեւ գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան: Այս տարի Արփի լիճի հարակից համայնքներում արդեն 6 գյուղում ավարտվել է խմելու ջրի խողովակների վերականգնումը, որոշ գյուղերում դրանից առաջ կամ ընդհանրապես ջուր չկար, կամ ջուրը տալիս էին ժամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:
«2008 թվականից իրականացվող ծրագրի 80 տոկոսն արդեն իրականացված է, սակայն դեռ մնում է որոշ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն: Ներկա պահին գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորուման կայանի ստեղծման համար ավարտվել են ամենաբարդ աշխատանքները՝ գնումների կատարումը, իսկ հաջորդ տարի արդեն կմեկնարկեն կայանի շինարարական աշխատանքները: Ամասիայի և Ղուկասյանի տարածքները հայտնի են իրենց ցրտաշունչ ձմեռներով: Այնտեղ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, այդ պատճառով մեր նպատակն է օգնել տեղի բնակչությանն ունենալ առողջ սերնդի կաթնասուններ, որոնք կունենան ավելի բարձր կաթնատվություն»,- տեղեկացրեց Կարեն Մանվելյանը:
WWF-Հայաստանի տնօրենի խոսքով` ծառայությունը լինելու է վճարովի, սակայն այն անչափ ձեռնտու կլինի տեղի բնակչությանը և կօժանդակի սոցիալական վիճակի բարելավմանը: «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման այս բաղադրիչը իրականացնում է CARD հիմնադրամը:
««Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման շրջանակներում, որտեղ կա 14 համայնք, մենք ընդգրկել ենք հարակից բնակավայրերի բնակչության աջակցության այլ բաղադրիչներ ևս: Հիմնական իմաստն այն է, որ երկու համակարգերը` բնակչությունը և լիճը, իրար հետ համահունչ ապրեն և իրար չխանգարեն: Դրանից առաջ տարածքում անհսկելի որսագողություն էր տիրում, իսկ այդ տարածքը կարևորվում է թռչուններով՝ այստեղ կարելի է տեսնել ձկնկուլ և հայկական որոր, այլ թռչնատեսակներ, որոնք գրանցված են ինչպես հայկական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային Կարմիր գրքում», - ասաց Կարեն Մանվելյանը:
Ծրագրի շրջանակներում ստեղծվել է տուրիստական կենտրոն, որը կարող է այցելուներին ընդունել նաև ձմռանը, քանի որ մոտակայքում է Մեծ Սեպասարը, և այն հրաշալի վայր է ձմեռային տուրիզմի համար: Արփի լճի հարևանությամբ համայնքներում կառուցվել են նաև վարչական շենքեր և, ընդհանուր առմամբ, արգելանոցի ստեղծմամբ տարածում գտնվող 14 համայնքների բնակիչների համար բացվել է 44 աշխատատեղ:
«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» № 405-Ն որոշմամբ: Ծրագիրը սկսվել է 2007 թ. սեպտեմբերին Գերմանիայի Կառավարության ֆինանսական աջակցությամբ Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի (KfW) միջոցով, իրականացվել է WWF-Հայաստանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հովանավորությամբ: