Հասարակական

Մանկավարժական համալսարանի ռեկտորը ՀՀ նախագահին հանձնեց Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

3 րոպեի ընթերցում

Մանկավարժական համալսարանի ռեկտորը ՀՀ նախագահին հանձնեց Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պետական մանկավարժական համալսարանի տնօրինությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեց Խաչատուր Աբովյանի անվան մեդալ: Հուլիսի 3-ին բուհի գերազանց առաջադիմությամբ ավարտած մի շարք շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ մեդալը նախագահին հանձնեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Նրա խոսքով` պատմական իրադարձության ականատեսն են միջոցառմանը ներկաներ: «Սա իրադարձություն է համալսարանի դասախոսների, պրոֆեսորների, ուսանողների համար, իրադարձություն բոլոր տարիների շրջանավարտների համար, որոնց մեծ մասն այսօր մեր ուսուցչական կազմն է դպրոցում: Իրադարձություն, որ մեկ անգամ ևս ընդգծեց այն կարևորությունը, որ երկրի ղեկավարը տալիս է ազգային դպրոցի զարգացմանը: Մենք խորապես շնորհակալ ենք: Մեզ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել Խաչատուր Աբովյանի մեդալը: Այդ պարգևը գերատեսչական ամենահին պարգևն է Հայաստանում, ունի 70 տարվա պատմություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռուբեն Միրզախանյանը:

Նա բոլորի անունից շնորհավորեց նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան հոբելյանի կապակցությամբ` մաղթելով առողջություն, երջանկություն, բեղմնավոր գործունեություն` ի փառս հայ ժողովրդի, ի փառս հայոց պետության:

Նախագահի ձեռամբ ավարտական դիպլոմն ստացած Անահիտ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կփորձի ճիշտ ծառայեցնել իր ավարտական փաստաթուղթն ու կդառնա երկրի համար արժանի մանկավարժ: Նրա կարծիքով` մանկավարժին բնորոշ ամենակարևոր հատկանիշները աշակերտների հանդեպ հոգատարությունն ու համբերատարությունն է:

Ռոման Սահրադյանն էլ, չնայած հասարակության մեջ արմատավորված կարծրատիպին, որ հիմնականում մանկավարժ են դառնում իգական սեռի ներկայացուցիչները, կփորձի իր բարի ու դրական օրինակով սիրվել աշակերտների և հասարակության անդամների կողմից: «Մանկավարժի գործունեությունն ամենադժվար մասնագիտությունն է, միաժամանակ ամենահարգվածը»,-ասաց շրջանավարտը:

Հուլիսի 3-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը գերազանցությամբ ավարտած բակալավրիատի և մագիստարատուրայի մի խումբ ուսանողներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքից ստացան ավարտական դիպլոմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում