ԵՄ-ն հայաստանյան մարզային ՀԿ-ների համար հանրային քաղաքականության դասընթաց կանցկացնի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ կողմից ֆինանսավորվող SolveNet ծրագրի շրջանակներում, ապրիլի 3-4-ը Երևանում նախատեսվում է անցկացնել դասընթաց հայաստանյան 10 հասարակական կազմակերպությունների համար, որոնք համայնքային մակարդակում համակարգելու են քաղաքացիների՝ տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ ներգրավման գործընթացը: Հայաստանում ծրագրի թիրախային խմբերն են Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հասարակական կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկատերերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացին ՀԿ-ների ներկայացուցիչները կսովորեն կիրառել հանրային քաղաքականության SMART մեթոդը, որպեսզի դյուրացնեն տեղական համայնքերի քաղաքացիների մասնակցությունը հանրային քաղաքականությունների նախագծման և իրականացման գործընթացում: